Ճիշտն ասած, այս հեքիաթը շատ երկար է:Բայց ես ձեզ կպատմեմ նրա մի մասը միայն: Իսկ ավելի ճիշտ, ես ձեզ կպատմեմ այն, ինչ կարդացել եմ հեքիաթների մի պատառոտված գրքից մնացած թերթի վրա: Ես ձեզ համար նույնիսկ կնկարեմ այդ էջը: Ահա այն: (Հեքիաթի վերնագիրն էլ էր պատռված: Եթե ուզում եք՝ ինքներդ վերնագրեք):
Ու հաստատ այդպես էլ եղել է
Թրթուրը նախապես գիտեր այդ
Բայց նրանց մեջ ամեն ինչ այնքան
ու այնքան փոխադարձ էր: Դե, ուրեմն, իմացիր
Քնելուց առաջ մեծ ճագարները փոքր ճագարներին պատմում էին թրթուրների մասին, թե ինչպես են քնքուշ թրթուրիկներն ընկնում ճագարների գլխին ու երջանկացնում նրանց:
Գլխին թրթուր ընկած ճագարներին մյուս ճագարները մի տեսակ բարի նախանձով էին նայում ու հոգոց հանում. «Տեսնես ես կգտնե՞մ իմ թրթուրիկին»:
Այսպես, ճագարներն ամեն գիշեր լսում էին թրթուրի մասին հեքիաթն ու քնում:
Մի սպիտակ ճագար կար: Նա քնել չէր սիրում, որովհետև ափսոսում էր փակել իր սիրուն, մոխրագույն աչքերը: Բայց նա ամեն օր ճիշտ ժամանակին պառկում էր, որ լսի թրթուրի մասին հեքիաթը: Լսում էր հեքիաթը, ամուր գրկում տատիկի կարած շորե թրթուրիկն ու հավատում, որ մի օր անպայման իր գլխին էլ թրթուր կընկնի:
Ցերեկները, ինչքան էլ ցուրտ լիներ, ճագարը գլխարկ չէր դնում: Վախենում էր, որ թրթուրիկը կընկնի իր գլխին ու ինքը չի զգա: Այսպես, մի օր ճագարի գլուխը սառեց ու հիվանդացավ խեղճը:
«Մուրաբայով թեյ կխմե՞ս»,- հարցրին նրան: «Հյութ կխմե՞ս»,- հարցրին քիչ հետո: Բայց ճագարը խմել չէր ուզում: Ուտել էլ չէր ուզում: Ուզում էր լսել թրթուրի մասին հեքիաթը՝ իրար հետևից, նորից ու նորից: Հեքիաթը դեռ հինգ անգամ էին պատմել, երբ ճագարի գլխին մի բան ընկավ: Նա թաթիկները տարավ դեպի գլուխը: Ճագարի մոխրագույն աչքերն ուրախությունից փայլեցին: Տաքությունից վառվող նրա թաթիկներում ինքնամոռացության մեջ ընկած մի թրթուրիկ էր:
«Ի՜նչ լավ է, որ եկար: Դու գտար ինձ, իսկ ես գլխին թրթուր ընկած ճագար դարձա»:
Այս խոսքերը ճագարն ասաց համարյա մտքում, բայց թրթուրիկը լսեց նրան:
Ճագարն իր տաք թաթիկներով մաքրեց թրթուրիկի վրա-գլուխը: Հետո նրան զվարճացնելու համար ցույց տվեց իր ունեցած ամենալավ բանը. տատիկի կարած շորե թրթուրիկը: Թրթուրիկն էլ փոխադարձաբար զվարճացրեց նրան՝ պատմելով այն մասին, թե ինչպես ինքը, դեռ շատ փոքր հասակից, առանց նկարչական դպրոց հաճախելու նկարել է իմացել, ու որ բոլորը հիացել են իր նկարներով: Նաև այն մասին ասաց, որ ինքը բոլոր գույներից ամենաշատը սպիտակն է սիրում: Ճագարն ամոթխած նայեց իր վրայի սպիտակ գույնին:
Ասում են՝ այս դեպքից հետո ճագարի տաքությունն իջավ: Թրթուրիկն էլ ինքնամոռացության մեջ չէր ընկնում: Իսկ թե ընկնում էր, ճագարի կողքին լինելու ուրախությունից միայն: Ճագարն էլ ցուրտ օրերին արդեն գլխարկ էր դնում: Բայց որ ճիշտն ասենք, սիրունության համար էր դնում, որովհետև ինչքան էլ ցուրտ լիներ, չէր հիվանդանա: Հաստատ գիտեր, որ չի հիվանդանա:
Ճագարիկն ու թրթուրիկը միշտ միասին էին: Միայն երբեմն բաժանվում էին, որ կարոտեն իրար: Երեկոները գնում էին խաղահրապարակ, պպզում ու ասֆալտի վրա գունավոր կավիճներով իրար էին նկարում: Նկարներում երկուսն էլ թևեր ունեին:
Ու անձրևը չէր մաքրում այդ նկարները: