Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև՝ «Գործք Առաքելոց»–ը։ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:

Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է լուսավորչահիմն Ս. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:

Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան: Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուն խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:

Կույր խոզը և Շուռ տված գայլը

Այո՛, ինձ հետ շատ ու շատ զարմանելի դեպքեր են պատահել։

Մի անգամ խիտ անտառով անցնելիս տեսա, որ վազում է մի շատ փոքրիկ վայրի գոճի, իսկ նրա հետևից՝ մի մեծ խոզ։

Հրացանն արձակեցի, բայց, ափսոս, գնդակը վրիպեց։

Գնդակս անցավ հենց խոզի և գոճու արանքով։

Գոճին վնգվնգաց և փախավ անտառ, իսկ խոզը մնաց տեղում քարացած։

Ես զարմացա․ ինչո՞ւ խոզն ինձանից չի փախչում։ Մոտեցա և իմացա, թե բանն ինչ է։ Խոզը կույր էր. ճանապարհը չէր տեսնում։ Նա կարող էր շարժվել միայն իր գոճու պոչից բռնած։

Գնդակս կտրել էր գոճու պոչը, գոճին փախել էր, իսկ խոզն առանց նրա չէր իմանում, թե ուր գնա։ Այստեղ իմ գլխում մի հրաշալի միտք ծագեց։ Բռնեցի պոչի կտորից և խոզին իմ խոհանոցը տարա։ Խեղճ կույրը հանդարտ հետևում էր ինձ՝ կարծելով, թե առաջվա նման իրեն իր գոճին է առաջնորդում։

Այո՛, մի անգամ էլ պետք է ասեմ, որ հնարամտությունը մեծ բան է։

Շուռ տված գայլը

Չգիտեմ ինչու, բայց հաճախ պատահել է, որ ամենակատաղի և ամենավտանգավոր գազանների ես հանդիպել եմ այն ժամանակ, երբ անզեն ու անօգնական եմ եղել։

Մի անգամ գնում էի անտառով։ Հանկարծ դեմս դուրս եկավ մի հսկա գայլ։ Բերանը բաց արած ուղիղ ինձ վրա էր գալիս։

Իսկ մոտս ոչ հրացան կար, ոչ դանակ, ոչ դաշույն։ Ի՞նչ անել։

Փախչե՞լ։ Բայց գայլն արդեն հարձակվել է ինձ վրա, գետին է գցել և այս րոպեիս կոկորդս կկրծի։ Ուրիշը որ իմ տեղը լիներ, իրեն կկորցներ, իսկ դուք ճանաչում եք բարոն Մյունխհաուզենին։ Ես վճռական եմ, հնարամիտ, համարձակ։ Րոպե չկորցնելով, բռունցքս ներս կոխեցի գայլի բերանը, որ ձեռքս չկծի, և սկսեցի բռունցքս ավելի ու ավելի խոր տանել։

Գայլը կատաղած նայում էր ինձ։ Նրա աչքերը չարությունից վառվռում էին։ Բայց գիտեի, որ եթե ձեռքս հանեմ, ինձ պատառ-պատառ կանի, այդ պատճառով աներկյուղ ձեռքս ավելի ու ավելի խոր էի տանում։

Հանկարծ գլխումս հրաշալի միտք ծագեց, բռնեցի նրա փորոտիքը, ձեռքս արագ դուրս քաշեցի և գայլին ձեռնոցի նման շուռ տվի։

Իհարկե, այդպիսի վիրահատումից հետո գայլն անկենդան ընկավ ոտքերիս մոտ։

Գայլի մորթուց մի հիանալի տաք բաճկոն կարեցի, և եթե չեք հավատում, այդ բաճկոնը սիրով ցույց կտամ ձեզ։

Համբարձման ծիսական երգեր

Համբարձման  նախագիծը՝Մարիամ  մնացականյան

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵՐԳԵՐ

ՀԵ՜Յ, ԻՄ ՆԱԶԱՆ
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Ծաղիկը խընկահոտ է,
Էրթանք ծաղիկ քաղելու,
Քանի Համբարձում մոտ է:

 

ՄԱՆԻ ԱՍԵՄ ՈՒ ՇԱՐԵՄ
Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
3. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
4. Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
5. Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
6. Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
7. Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
ԱՅ, ԱՐևԸ, ԱՐևԸ
Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:
Խընձորը ծառի վըրա,
Այ արևը, արևը,
Սոխակը սարի վըրա:
Ում տամ տանի բարևը:
Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2
Արև ելավ էն սարից,
Այ արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարից:
Ում տամ տանի բարևը:
Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2
Հենց որ ծագի արևը,
Այ արևը, արևը,
Քեզի ղըրկեմ բարևը:
Ում տամ տանի բարևը:
Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2
ՀՈՅ, ՄԱՐԻԱՄ
Հոյ Մայրամ, Մայրամա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Ծաղիկ ունիմ, ալա է,
Ալա չէ, ալվալա է,
Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Նռան հատիկ, լալա է:
Լուսնակը բոլորել է,
Ամպի մեջ մոլորել է,
Մայրամի պարի համար
Զուռնաչուց խըռովել է:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Է, ԳԱՐՈՒՆ Է
կրկն. Համբարձում է, գարուն է,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր վիճակը սիրուն է,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Էս գիշեր լուսը տեսա,
Իմ յարը դուսը տեսա:
3. Կայնել ես վարդի հովին,
Քամին տա ծոցիդ մովին:
4. Ամեն քեզի տեսնելիս,
Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:
5. Աստված կյանք տա ամենքին,
Ուրախ կլնի էս տարին:
6. Մանի ասեմ ու շարեմ,
Լցնեմ տոպրակն ու կարեմ:
ԱՂՋԿԵՐՔ ՊԱՐ ԲՌՆԵՑԵՔ
Աղջկե՛ք, պար բռնեցեք,
Արմիկի երես գովեցեք:
Ա՜յ երես, շարմաղ երես,
Դու մեզ չթողնես սևերես:
Աղջկե՛ք, պար բռնեցեք,
Արմիկի աչեր գովեցեք:
Ա՜յ աչեր, սիրուն աչեր,
Արևի պես փայլու աչեր:
Աղջկե՛ք, պար բռնեցեք,
Արմիկի կռներ գովեցեք:
Ա՜յ կռներ, ուժեղ կռներ,
Դուք կշարժեք մեծ-մեծ լեռներ:
Աղջկե՛ք, պար բռնեցեք,
Արմիկի հասակ գովեցեք:
Ա՜յ հասակ, բարձր հասակ,

Քեզ կվայելե դափնեպսակ: