Զարմանալի որսորդություն

Ասենք ինձ հետ պատահել են ավելի զվարճալի դեպքեր։

Մի օր որսի էի գնացել և երեկոյան դեմ հասա մի անտառի։ Այդ անտառում մի մեծ լիճ կար, որի մեջ անթիվ վայրի բադեր էին վխտում։ Այդքան շատ բադեր Ես կյանքում չէի տեսել։

Բայց իմ բախտից մոտս ոչ մի գնդակ չէր մնացել։

Իսկ երեկոյան մեր տուն պիտի գային իմ բարեկամները, և ուզում էի նրանց որսի մսով հյուրասիրել։

Ես, առհասարակ, հյուրասեր և առատաձեռն մարդն եմ։ Իմ ճաշերն ու ընթրիքները Պետերբուրգում հայտնի էին։

Առանց բադերի ո՞նց վերադառնամ տուն։

Երկար մտածելուց հետո հակարծ հիշեցի, որ որսորդական պայուսակում մի կտոր խոզի ճարպ է մնացել։ Ուռա՜…

Ճարպի կտորը պայուսակից հանելով, արագ կապեցի մի բարակ ու երկար պարանի և ջուրը գցեցի։

Բադերն ուտելիքը տեսնելով, իսկույն դեպի ճարպը լողացին։

Նրանցից մեկն ագահաբար ճարպի կտորը կուլ տվեց։

Բայց ճարպը լպրծուն էր արագ կերպով բադի միջով անցնելով, դուրս եկավ։

Այդպիսով բադը մնաց պարանի վրա։

Այդ ժամանակ ճարպին մոտեցավ երկրորդ բադը։

Երկրորդ բադի միջով էլ կտորն անցնեքով, ջուրն ընկավ։

Բադ-բադի հետևից ճարպը կուլ տվին և մնացին պարանի վրա։ Տասը րոպե չանցած, բոլոր բադերը պարանի վրա էին՝ ինչպես ուլունք։ Կարող եք երևակայալ, թե ես ինչքան ուրախ էի՝ այդ առատ որսին նայելով։ Այժմ պետք է որսած բադերը դուրս քաշեի և տանեի իմ խոհարարի մոտ՝ խոհանոց։

Ա՜յ թե քեֆ կանենք բարեկամներիս հետ, հա՜…

Բայց այդքան բադ տանելն այնքան էլ հեշտ բան չէր։

Ես մի քանի քայլ առաջ անցա և շատ հոգնեցի։ Հանկարծ, կարո՞ղ եք պատկերացնել իմ զարմանքը, բադերը թռան վեր և ինձ բարձրացրին դեպի ամպերը։

Իմ տեղը որ ուրիշը լիներ, իրեն կկորցներ, բայց ես քաջ ու հնարամիտ մարդ եմ։

Բաճկոնս ղեկ դարձրի և, բադերին ուղղություն տալով, տուն հասա։

Բայց ինչպե՞ս ցած իջնեմ։

Շատ հասարակ։ Հնարամտությունս այստեղ էլ օգնեց ինձ։ Բադերից մի քանիսի գլուխը շուռ տվի, և մենք կամաց-կամաց սկսեցինք ցած իջնել։

Ընկա ուղիղ իմ սեփական խոհանոցի վառարանի խողովակի մեջ։ Տեսնեիք, թե ինչպես զարմացավ իմ խոհարարը, երբ հայտնվեցի վառարանի վրա։

Իմ բախտից խոհարարը դեռ նրա մեջ կրակ չէր վառել։

 

Սահնակին լծված գայլը

Բայց շուտով գլխի ընկա, որ ձմեռը ձիով գնալն անհարմար է։ Ավելի լավ է սահնակով ճանապարհորդել։ Մի լավ սահնակ գնեցի և սլացա փափուկ ձյան վրայով։

Երեկոյան անտառ մտա։ Ես սկսեցի նիրհել, երբ հանկարծ լսեցի ձիուս անհանգիստ խրխնջոցը։ Ետ նայեցի և լուսնյակի լույսով տեսա մի ահռելի գայլ, որը բերանը բաց արած վազում էր իմ սահնակի ետևից։

Ազատվելու հույս չկար։

Սահնակի մեջ պառկեցի և վախից աչքերս փակեցի։

Ձիս կատաղի առաջ էր սլանում։ Գայլի ատամների չխկչխկոցը լսվում էր ականջիս շատ մոտ։

Բայց, իմ բախտից, գայլն ինձ վրա ոչ մի ուշադրության չէր դարձնում։

Նա թռավ սահնակի վրայից՝ ուղիղ գլխիս վրայով և հարձակվեց խեղճ ձիուս վրա։

Մի րոպեում ձիուս ետևի մասն անհետացավ գայլի ագահ երախում, իսկ առջևի մասը սարսափից ու ցավից շարունակում էր առաջ սլանալ։

Գայլի երախն ավելի ու ավելի էր մտնում ձիուս մեջ։

Երբ ուշքի եկա, վերցրի մտրակը և ոչ մի րոպե չկորցնելով, սկսեցի մտրակել ագահ գազանին։

Նա ոռնաց ու առաջ սլացավ։

Ձիու առջևի մասը, որ դեռ գայլը չէր կերել, ընկավ ձյան մեջ, իսկ նրա տեղը բռնեց գայլը՝ լծված սահնակին։

Այդ լծասարքից նա դուրս պրծնել չէր կարող, նա ձիու պես լծված էր սահնակին։

Ես շարունակեցի ամբողջ ուժով մտրակել նրան։

Նա սլանում էր առաջ ու առաջ, հետևից քարշ տալով սահնակը։ Նա այնպես արագ էր քաշում, որ երկու-երեք ժամից հետո մտա Պետերբուրգ։

Պետերբուրգի զարմացած բնակիչները խումբ-խումբ դուրս եկան նայելու այն հերոսին, որը ձիու փոխարեն իր սահնակին կատաղած գայլ էր լծել։