ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ

Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։
3
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
4
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր
պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբու-կին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝
ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝
վերադառնալով տուն։

Առավոտյան  նա  գնաց, գնաց, հանկարծ տեսավ մի որսորդի, որը նշան էր բռնել, որ կրակի
կեռնեխին։ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Որսորդը ցած գցեց
հրացանը և սկսեց պարել։ Իսկ կեռնեխը թռավ, հեռացավ։
– Թշվառակա՛ն, դու դեռ պատասխան կտաս սրա համար։
– Դա դեռ կտեսնենք, իսկ դու պար արի, դե՜…
– Ա՜խ, էլ ուժ չունեմ։
– Ուզում ես կանգ առնել, խոստացիր, որ այլևս ոչ մի անգամ թռչունների վրա չես կրակի։
– Խոստանո՜ւմ եմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *