Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
– Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
– Իսկ դու, հավիկ – մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:
– Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
– Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
– Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:
– Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
– Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ –
մարիկ:
1902

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *